ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից նախաձեռնված շքեղության դեմ հարկի մասին օրինագիծը, որը պաշտպանում է նաեւ կառավարությունը, իսկական խառնաշփոթ է առաջացրել հայ մեծահարուստների շրջանում, որոնցիցի շատերը հենց խորհրդարանում են կենտրոնացած։
NEWS.am-ի թղթակցի փորձերը՝ պարզել խորհրդարականների վերաբերմունքը հնարավոր նոր հակատեսակի վերաբերյալ, ուղեկցվեցին նյարդային հայտարարություններով եւ նույնիսկ ձայնի բարձրացմամբ։ Ինչպես եւ սպասվում էր, իրենց եկամուտների մի մասից հրաժարվելու հեռանկարը, թող որ հասարակության անապահով խավերի կարիքները հոգալու համար, իսկական ընդվզում է առաջացրել ձեռնարկատերերի շրջանակում, որոնցից շատերը մեզ հետ զրույցում դժգոհություն այդ օրինագծի վերաբերյալ դժգոհություն հայտնեցին ։
Նշենք, որ այս հարցի առնչությամբ իրենց տեսակետը համաձայնեցին հայտնել հատուկենտ պատգամավորներ ։ Այսպես, «Մաքս գրուպ» կոնցերնի սեփականատեր Խաչատուր Մանուկյանը հայտարարեց, որ համաձայն չէ օրինագծի տրամաբանության հետ, քանի որ չի հասկանում, թե ինչու պետք է իր ունեցվածքի համար լրացուցիչ հարկ վճարի, այն դեպքում, երբ ինքը բոլոր հարկատեսակներն արդեն իսկ վճարում է։ «Ինչո՞ւ պետք է վճարեմ ավելին, քան այժմ վճարում եմ. դրանից ընտրությունների ժամանակ ինձ տրված ձայները կավելանա՞ն»,- նկատել է պատգամավորը։ Դիտարկմանը, թե այդ գումարները գնալու են սոցիալապես անապահով խավի կարիքները հոգալուն, Մանուկյանը նշել է, որ մարդիկ պետք սովորեն ինքնուրույն վաստակել, իսկ նմաօրինակ միջոցները կարող են ծուլացնել նրանց։
«Շամպայն-Գինիների» գործարանի սեփականատեր Վերսանդիկ Հակոբյանը եւս դեմ արտահայտվեց նման օրենքին՝ ընդգծելով, որ եթե կառավարությունը մտահոգված է սոցիալապես անապահով մարդկանց կյանքի մակարդակի բարձրացմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է զարգացնի արտադրությունը, տնտեսության մյուս ճյուղերը։ «ԽՍՀՄ փորձը՝ վառ օրինակ։ Եթե ինչ-որ բան արհեստականորեն է արվում, ապա մեծ արդյունքների չարժե սպասել»,- նշեց պատգամավորը՝ այս նախաձեռնությունն անիմաստ համարելով։
Աղի հանքի սեփականատեր Արեգ Ղուկասյանի հնարավոր հարկատեսակի կիրառման վերաբերյալ դիրքորոշումը կախված է նրանից, թե ինչ կերպ է ընկալվելու «շքեղություն» հասկացությունը։ «Մինչ այդ մասին որեւէ բան ասելը ես պետք է հասկանամ, թե ինչ է ընկալվում դրա տակ»,- ասց դեպուտատը։
Իսկ այժմ բերենք հատվածներ այն պատգամավորների հետ զրույցներից, որոնց անունները, դրդված լրագրողական էթիկայից, NEWS.am-ը չի հրապարակում։ Նշենք, որ այդ պատգամավորները չցանկացան, որ իրենց խոսքերը ձայնագրվեն, սակայն համաձայնեցին խոսել off record։ Այդ պատգամավորները չկարողացան զսպել իրենց զգացմունքները եւ ամբողջ զայրույթը փորձեցին թափել օրինագծի մասին իրենց հարցնող լրագրողի վրա. «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս։ Ինչո՞ւ ես պետք է այդ հարկը վճարեմ։ Հարց է ծագում. ինչո՞ւ ադամանդյա ականջօղեր կրող կինը չպետք է շքեղության հարկ վճարի, իսկ ես պետք է վճարեմ, քանի որ արտասահմանյան ավտոմեքենա ունեմ։ Հնարավոր է՝ նրա ականջօղերը իմ մեքենայից ավելի թանկ են»,- ասաց պատգամավորը։ Փորձերը, բացատրել նրան, որ հարկը չի տարածվելու արտասահմանյան մեքենաներ ունեցողների վրա, այլ նրանց, ովքեր այդպիսի մեքենաների հավաքածուներ ունեն, չհամոզեցին պատգամավորին եւ նա նույն զգացմունքայնությամբ շարունակեց. «Իսկ ի՞նչ կլինի, եթե իմ եկամուտները պակասեն, բիզնեսս լավ չընթանա։ Ինչո՞ւ ես պետք է շքեղության հարկ վճարեմ»։ «Քանի որ դու շքեղ տղամարդ ես»,- խոսակցությանը միացավ մեկ այլ պատգամավոր՝ ավելացնելլով, որ իրենք արդեն իսկ շատ հարկեր են մուծում։
Միակ պատգամավորը, ով մեզ հետ հարցազրույցում հավանության արժանացրեց Հայաստանում շքեղության հարկ սահմանելու օրինագծին, անհասկանալի պատճառով խնդրեց չհրապարակել իր անունը։




























