Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը բռնություն է գործադրել Վահան Խալաֆյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ապրիլի 29-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին:
Ըստ ՀՔԾ-ի, Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Վ. Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է՝ չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, 2010թ. ապրիլի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա.Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա՝ նրա նկատմամբ կիրառել բռնություն:
Վ.Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանը ականատես են եղել նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, ովքեր նախաքննության շրջանակներում հարցաքննվել են եւ դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են նոր փորձաքննություններ, այդ թվում` հետմահու դատահոգեբանական: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովեու ուղղությամբ:
Նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժանմունքում Խալաֆյանը դանակի հարվածից մահացել է: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ տեղի ունեցածը ինքնասպանություն է:




























