«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասվում է. «Փարիզյան մեր հանդիպման ժամանակ և իմ նախորդ բաց նամակում ես առաջարկել էի Ձեզ համագործակցություն սփյուռքի բոլոր կազմակերպությունները միավորող կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Ըստ իս, սփյուռքը հեշտությամբ միավորելու երեք հնարավորություն կա. Միավորել`

ա. ՀՀ Նախագահի հովանու ներքո,

բ. դաշնակցության հետ համատեղ

գ. ՀՀ Նախագահի հովանու ներքո ու դաշնակցության հետ համատեղ:

Կարծում ենք լավագույնն, անկասկած, վերջին տարբերակն է. Դաշնակցությունը շատ արդյունավետ է աշխատում արտերկրում իր, հոյակապ կազմակերպած, մարմինների միջոցով, և իշխանությունների համար հեշտ խնդիր է նրանց ու սփյուռքահայ կազմակերպությունների հետ համատեղ ստեղծել համադրիչ կենտրոն:

Մեծարգո պարոն նախագահ, ժամանակը չի սպասում և սա հրատապ խնդիր է: Հարկավոր է մոբիլիզացնել ողջ աշխարհի հայության ուժերը ցեղասպանության խնդիրներին զուգահեռ նույն ակտիվությամբ արցախյան հիմնահարցի շուրջ աշխատելու վրա: Ես Ձեզ հավատացնում եմ, որ, կենտրոնաձիգ ու համադրված գործողություններ կազմակերպելու դեպքում, կարճ ժամանակահատվածում Արցախի ճանաչման գործընթացը կարելի է հասցնել անհամեմատ ավելի բարձր մակարդակի: Վերջում հավաստիացնում եմ Ձեզ, որ Մենք պատրաստ ենք ամբողջովին ծառայելու այդ գործին», ասվում է նամակում: