Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանն ընդունել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի միության վերացման նախագծի շրջանակներում ներկայացված մեղադրականը: Միեւնույն ժամանակ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել հիշյալ փաստաթղթի տակ ստորագրած ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի նկատմամբ: Նշված գործով առաջին դատալսումը տեղի կունենա հունիսի 28-ին:

Նշենք, որ 2009 թվականի Taraf-ի հունիսի 12-ի համարում տպագրվել էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման" փաստաթուղթը (ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը)՝ գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությամբ: Փաստաթղթում ներկայացվում էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում մշակվել է ծրագիր, որով պետք է վերացվեր Էրդողանի կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը, քանի որ նրանք աշխարհիկ Թուրքիան փորձում են վերածել իսլամականի:

Այդ փաստաթուղթը լուրջ լարվածության առիթ էր հանդիսացել Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Սակայն զինվորականությունը պնդում էր, որ փաստաթուղթը կեղծ է եւ ստորագրությունն էլ չի պատկանում Դուրսուն Չիչեքին: Իսկ Դուրսուն Չիչեքը երկու անգամ ձերբակալվել եւ շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Ավելի ուշ հայտնվել էր մի սպա, ով դատախազությանն էր հանձնել այդ փաստաթղթի իրական տարբերակը: