Հայ-վրացական մշակութային համգործակցության շրջանակներում մայիսի 3-ից 5-ը Վրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն։

Ինչպես հայտնել են ՀՀ Մշակույթի նախարարությունից, Հայկական պատվիրակությունը Վրաստան կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում կլինեն Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի խումբը, ինչպես նաեւ Արամ Խաչատուրյանի անվան քառյակը։

Նշվում է, որ հայկական մշակույթի օրերի շրջանակներում կներկայացվեն Զավեն Սարգսյանի «Հայկական հուշարձաններ» ֆոտոցուցահանդեսը, ինչպես նաեւ նկարիչ-դիզայներ Արեւ Պետրոսյանի աշխատանքները։

Ծրագրում ներառված են նաեւ Թբիլիսիի Գ. Սունդուկյանի, Պ. Ադամյանի եւ Շ. Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնների ներկայացումները։