«Արմենիա» բժշկական կենտրոնից օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնության է դիմել 1965 թ. ծնված Մամիկոն Խ.-ն` հայտարարելով, որ վնասվածքն ստացել է ապակու վրա ընկնելու հետևանքով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ապրիլի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 26-ին, ժամը 17-ին, Արզումանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, Վահրամ Մ.-ն սուր գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել Մամիկոն Խ.-ին, իսկ վերջինս էլ ինքնապաշտպանության նպատակով իր մոտ եղած «ԻԺ 79-6» տիպի գազային ատրճանակից երեք անգամ կրակել է օդ:

Ոստիկանության տեղեկացմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: