Ապրիլի 30-ին Շանհայում կբացվի ԷՔՍՊՈ-2010 միջազգային ցուցահանդեսը։ Կազմակերպիչներն արարողության մանրամասները դեռեւս գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ միջոցառումը տեղի կունենա Հուանպու գետի ափին եւ կտեւի շուրջ երկու ժամ։

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իր չափերով, մասնակիցների եւ այցելուների թվով նմանօրինակ միջոցառման համար այն բացարձակ ռեկորդ է սահմանելու։ ԷՔՍՊՈ-պարկը զբաղեցնելու է 5.5 ք/կմ տարածք։ Այդ տարածքում տեղակայվել են ավելի քան 240 երկրների տաղավարներ եւ ցուցանմուշներ, որոնց շարքում կենտրոնական տեղ է զբաղեցնում «Արեւելքի թագ» անունը կրող չինական տաղավարը։

Նշենք, որ ԷՔՍՊՈ-2010 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ՉԺՀ ղեկավար Հու Ցզինտաոյի հրավերով կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպում կունենա ՉԺՀ ղեկավար Հու Ցզինտաոյի հետ։