Ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը՝ կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը զեկույցներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը եւ հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ եւ ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ այն պահպանելու համար:

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: