Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չի կազմելու: Այս մասին նա հայտնել է այսօր` ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Արտահերթ ընտրություններն իրատեսական չեմ համարում, որովհետև ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին»,- ասել է ԺԿ ղեկավարը, հավելելով, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի, քանի որ եթե նախկինում փող բաժանողները 1-2 կուսակցություն էին, ապա հիմա ընտրվելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի 99 տոկոսը այդ միջոցին է դիմում:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշմանը, Տ. Կարապետյանն ասել է. «Նախագահի նախաձեռնությունը դրական ենք համարում: Ողջունում ենք նրա հետընթաց քայլը, բայց այն նաեւ պետք է պետության իմիջին չվնասի»: Նա կարծիք է հայտնել, որ արձանագրություններում կան քողարկված նախապայմաններ, ինչի համար էլ իշխանությունները կասեցման քայլին դիմեցին, ուստի Հայաստանն ընդհանրապես պետք է դուրս գա այդ գործընթացից: Տ. Կարապետյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ թուրքերը սահմանը չեն բացելու, քանի որ դա կվնասի թուրք-ադրբեջանական հարաբերություններին:

«Մեր ԱԳՆ-ն չպետք է բաղկացած լինի երկու հոգուց՝ նախարարից և Տիգրան Բալայանից, որին ինչքան զանգահարում ես՝ ասում է՝ տեղյակ չեմ։ Կայքերն ու թերթերն ամեն ինչ գրում են, իսկ ինքը տեղյակ չէ»,- ասել է ԺԿ ղեկավարը՝ հավելելով, որ պետք էր ոչ թե Սփյուռքի նախարարություն ստեղծել, այլ հզորացնել ԱԳՆ-ն: