Այսօր երեկոյան Երեւանում կրկին տեղումներ կլինեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը, հավելելով, որ այս գիշեր հանրապետությունում կգրանցվեն ինտենսիվ տեղումներ, որոնք կշարունակվեն մինչեւ մայիսի 1-ի ցերեկը:

Զ. Պետրոսյանի ներկայացմամբ, մայիսի 2-ին տեղումները հարաբերականորեն կդադարեն, իսկ նույն օրը երեկոյան կսկսվեն տեղումներ հանրապետության ողջ տարածքում, որոնք կշարունակվեն մայիսի 3-ին: Երեւանում տեղումները կշարունակվեն նաեւ մայիսի 4-ին ու 5-ին:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա մայիսի 1-3-ը այն կլինի 15-17 աստիճան, իսկ դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18-19 աստիճան: Իսկ արդեն մայիսի 7-ից ջերմաստիճանի էական բարձրացում կլինի, եւ մայիսին ընդհանուր առմամբ կգրանցվի 25 աստիճան տաքություն: