Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 8-ին բաց է թողել «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձի կասկածանքով ձերբակալված երկու անձանց՝ Վլադիկ Սերոբյանին եւ Գուրգեն Կիլիկյանին: Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արգիշտի Կիվիրյանը՝ ներկայացնելով մահափորձից հետո մեկ տարվա ընթացքում կատարված դեպքերը:
Լրագրողը հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում երբեք չի փորձել միջամտել նախաքննությանը: Նա նաեւ լրագրողական հետաքննություն է արել եւ որոշ փաստեր պարզել ձերբակալվածների վերաբերյալ:
Ըստ Կիվիրյանի՝ ձերբակալվածներից Գուրգեն Կիլիկյանի հայրը մահափորձից առաջ ձերբակալվել է Վրաստանում՝ կաշառք տալու եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, հինգ իրաքահայերի համար կեղծ անձնագրեր է պատրաստել եւ նրանց տեղափոխել Վրաստան: Իսկ Վլադիկ Սերոբյանը Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ազգականն է: "Մահափորձից առաջ, ըստ ճշտված տեղեկությունների, նրանք երկուսն էլ այցելել են Ախալքալաք եւ հանդիպել Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն:
Կիվիրյանը հիշեցրեց, որ համակարգել է նաեւ «Բագին» լրատվական գործակալությունը եւ բազմիցս հոդվածներ է հրապարակել Սամվել Պետրոսյանի հակահայկական գործունեության մասին: «Անձամբ ինձ՝ ոչ, սակայն Սամվել Պետրոսյանը մի քանի հոգու մոտ սպառնալիքներ է տեղացել իմ հասցեին»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը՝ նկատելով, որ անհնար է կապ չտեսնել այս ամենի մեջ: Ըստ Կիվիրյանի՝ հենց Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ է անազատության մեջ հայտնվել Վահագն Չախալյանը, հետախուզվում է Գուրգեն Շիրինյանը, բազմաթիվ հայ երիտասարդներ լքել են Ջավախքը:




























