Այսօր՝ ապրիլի 30-ին լրանում է «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին:
2009թ. ապրիլի 30-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Կիվիրյանը հարձակման էր ենթարկվել իր տան՝ Նալբանդյան 9 շենքի շքամուտքում՝ երեք անհայտ անձանց կողմից:
Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ հարձակվողները զինված էին ոչ միայն փայտե մահակներով, այլեւ հրազենով, անգամ երեք կրակոց են արձակել իր ուղղությամբ, եւ միայն հրաշքով է, որ գնդակները չեն դիպել իրեն:
Ըստ Կիվիրյանի, դեպքից անմիջապես հետո Կենտրոնի ոստիկանությունը ծիծաղելի հոդվածով քր.գործ է հարուցել, քր.օր.-ի 117 (թեթեւ մարմնական վնասվածք) հոդվածի հատկանիշներով: Ավելին, ոստիկանությունը փորձել է ամեն կերպ կոծկել գործը, եւ միայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի շնորհիվ, որն արագ հասել է դեպքի վայր եւ նկարել գետնին ընկած պարկուճները, հնարավոր է եղել ապացուցել, որ կրակոցներ են հնչել: Ավելին, ոստիկանությունը փորձել է մահափորձից հետո համոզել Կիվիրյանի հարեւաններին, թե նրանք կրակոցի ձայներ չեն լսել: Դեպքից մի քանի օր անց գործը տեղափոխվում է ԱԱԾ քննչական վարչություն եւ վերաորակվում 34-104 հոդվածի (մի խումբ անձանց կողմից սպանության փորձ) 2-րդ կետի 7-րդ ենթակետի հատկանիշներով:
Արգիշտի Կիվիրյանը նշեց նաեւ, որ ապրիլի 30-ի հարձակումն առաջինը չէր իր վրա: «Ապրիլի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, երբ գրասենյակից տուն էի գնում, բակում տեսա երեք հոգու, որոնք մոտեցան ինձ, բայց, քանի որ դուռը բաց էի թողել, մտա ներս եւ իմ ետեւից փակեցի դուռը»,- հայտնեց Կիվիրյանը: Նրա կարծիքով, իր դեմ կատարված մահափորձն այդպես էլ չի բացահայտվի, քանի որ ԱԱԾ-ն բաց է թողել իր դեմ մահափորձ կատարած անձանց: «Որոշ ժամանակ անց քր. գործը կկասեցվի, եւ այն կհայտնվի դարակում»,- համոզմունք հայտնեց Կիվիրյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջին տարիներին լրագրողների դեմ կատարված որեւէ հարձակում չի բացահայտվել: «Դեպքից հետո նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ գործը գտնվում է նախագահի վերահսկողության ներքո: Արդյո՞ք խիստ հսկողության պարագայում չէ, որ ազատ են արձակվել այդ երկու անձինք»,- հարցադրում արեց Կիվիրյանը: Վերջինս, ի դեպ, հարցին, թե անվտանգ զգո՞ւմ է իրեն այժմ, նկատեց, որ Հայաստանում որեւէ լրագրող չի կարող իրեն անվտանգ զգալ:




























