Մայիսի 4-ին, ժամը 14-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Արարատից Եվրոպա» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Գագիկ Գինոսյանը, Արսեն Հակոբյանը, ռեժիսորն ու օպերատորը` Արտակ Ավդալյանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային գրադարանից, ֆիլմում ներկայացվում է հայկական եկեղեցաշինությունը Եվրոպայում, եվրոպական և հայկական եկեղեցաշինությունների փոխազդեցությունները:

Ֆիլմը սկսվում է հետեւյալ խոսքերով. «Աստված հայկական լեռնաշխարհում է արարել համաշխարհային պատմության նախաբանը: Առասպելներում և էպոսներում, հին կտակարանում իսկ Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, ավետյաց երկիր, ուր և գտնվում է դրախտը»:

Ֆիլմում հեղինակները ճանապարհորդում են Ֆրանսիայով, Գերմանիայով, Իտալիայով, Բելգիայով, Վրաստանով` փնտրելով քրիստոնեական մշակույթի հետքեր: Ներկայացվում են վաղ քրիստոնեական շրջանում Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգևորականներ, հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Հիշատակվում է նաև Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հայաստանի մասին, որոնք հեղինակները բնորոշում են որպես «Հայկական նամակներ», ներկայացված են Գառնիի հեթանոսական տաճարի և Էջմիածնի Մայր տաճարի պատմությունները` կամրջելով այդ ժամանակաշրջանների ճարտարապետությունը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հեղինակները նպատակ ունեն ֆիլմը թարգմանել տարբեր լեզուներով: