Մեր նպատակը Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն սկսելն է, հայ եւ թուրք հասարակություններին՝ միմյանց ավելի մոտիկից ճանաչելու հող նախապատրաստելուն օգնելը։ Նման հայտարարությամբ այսօր՝ ապրիլի 30-ին, հանդես եկավ թուրք հասարակական գործիչ, Երիտասարդական միությունների ասոցիացիայի նախագահ Սալիհ Յուջեն։
Նրա խոսքով, 2008-ին, երբ ինքն առաջին անգամ էր Հայաստան այցելել, հանդիպեց հայ-թուրքական սահմանի բացման ակտիվ քննարկումներին, իսկ այս անգամ արդեն՝ երկկողմ արձանագրությունների վավերացման խոսակցություններին։ Հասարակական գործիչը, սակայն, գերադասեց չխոսել քաղաքական թեմաներով, ընդգծելով, որ ինքը Հայաստանում է զուտ հասարակական ծրագրերի շրջանակներում եւ իր՝ այստեղ գտնվելու նպատակը այնպիսի գործունեություն ծավալելն է, որը թույլ կտա հայ եւ թուրք ժողվուրդներին ավելի մոտիկից ճանաչել միմյանց եւ իրար սրտաբաց եւ ժպտալով ընդունել. «Եթե մեր երկու հասարակությունները իրար լավ ճանաչեն, արձանագրությունների եւ սահմանների հարցերն ինքնըստինքյան կլուծվեն։ Բացի մեզանից, Թուրքիայում այսօր շատ են այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են Հայաստանի հետ ջերմ երկխոսություն հաստատել»,- նշեց թուրք գործիչը՝ տեղեկացնելով, որ մինչ օրս հայկական կողմի հետ իրականացվել են 3-4, այդ թվում՝ կրթական նախագծեր, որոնց էլ մասնակցել են հայ երիտասարդները։
Լրագրողներից մեկի հարցին, թե Թուրքիան, այնուամենայնիվ, երբ պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, Սալիհ Յուջեն նշեց, որ ինքը հասարակական կազմակեպության ներկայացուցիչ է եւ չի ցանկանում խոսել պատմական փաստերի եւ անցյալի մասին. «Մենք այստեղ ենք, որովհետեւ ուզում ենք պարզել՝ ինչ կարող ենք անել ապագայում։ Պատմական հարցերի պարզաբանումները պետք է մնան պատմաբաններին։ Իսկ հասարակական երկխոսությունը կախված չէ պատմական հարցերից»,- նկատեց թուրք գործիչը՝ ավելացնելով, որ իրենք քաղաքական ոչ մի կառույցից հրամաններ չենք առնում եւ գործում ենք ինքնուրույն։




























