Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն այսօր սպառնում է բնակչությանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կառավարության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակել են ծրագիր` խնդրի լուծման համար:
Ըստ ԱԻՎ տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանի` այն ժամանակ, երբ գերեզմանոցը կառուցվել է, ժամանակավոր բնույթ պետք է կրեր: Այսօր գերեզմանոցում կա 512 տոննա թունաքիմիկատ, որոնցից 200 տոննայից ավել քլորօրգանական կայուն նյութեր, որոնք ըստ Ստոկհոլմի կոնվենցիայի, որը վավերացվել է ՀՀ կողմից՝ 2001թ.-ին, ենթակա են ոչնչնացման: Այժմ թունաքիմիկատների գերեզմանոցը սպառնում է և՛ տարածքին, և՛ բնակչությանը: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ անհայտ անձինք տրակտորով մտել են գերեզմանոց, փորել` գանձեր գտնելու նպատակով:
ԵԱՀԿ փոխդեսպան Կարել Հոֆստրանը, նշել է, որ խնդիրը մի քանի փուլով են լուծելու: Նախ թունաքիմիկատներով ծածկված տարածքը պետք է շուտափույթ ծածկվի, որովհետեւ հիմա վիճակը վտանգավոր է, քանի որ այդ թունաքիմիկատները անձրևաջրերի հետ կարող են լցվել գետերը: «Հիմա առաջին հերթին դրենաժային համակարգը պետք է վերականգնվի, որը թույլ չի տա ջուրը հոսի գերեզմանոց և թունաքիմիկատները հանի տարածքից դուրս: Տարածքը պետք է ծածկվի և ամբողջությամբ պարսպապատվի, որից հետո հետագա գործողություններին կանցնենք», նշեց Կարել Հոֆստրանը` հավելելով, որ երբ վերջնականապես պարզ կդառնա, թե ինչ նյութեր կան գերեզմանոցում, արդեն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կորոշվի հարցին վերջնական լուծում տալը:
Աշխատանքները թանկ են արժենալու, մինչև 20-30 միլիոն դոլար կամ եվրո, ինչը, ըստ Հոֆստրանի, առանց միջազգային կազմակերպությունների, դժվար կլինի իրականացնել: Հոֆստրանը հ/կ-ների դերը իրազեկման հարցերում շատ բարձր է գնահատում, քանի որ այս հարցում դարձյալ ահազանգել են հ/կ-ները: Հաջորդը Ալավերդին է լինելու, որտեղ արդեն հ/կ-ները ուսումնասիրություններ են կատարում` պարզելու, թե ինչ թունաքիմիկատներ են թաղված այնտեղի գերեզմանոցում, քանի որ այնտեղ էլ է լավ վիճակ չէ:
Նախնական աշխատանքների համար Կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20-30 միլոն դրամ՝ այս հրատապ աշխատանքնրը կատարելու համար: ՀՀ վարչապետը նամակներ է հղել բոլոր միջազգային կազմակերպություններին` այս աշխատանքների իրականացմանն աջակցելու համար:




























