Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոյին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պետրոսյանը տեղեկացրել է, թե ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեծ տպավորություններով է վերադարձել Ֆինլանդիայից, ուր մարտի 1-5-ը կատարած այցի ընթացքում գենդերային խնդիրներից բացի` քննարկվել են միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, տեղեկություն է հաղորդել Վեհաժողովում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել Բալթիկ ծովի հարակից երկրների համանման կազմակերպության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի համագործակցության հնարավորություններին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ֆինլանդիայի համագործակցությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր:




























