Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի կողմից, ով հինգշաբթի օրը արդեն կալանավորվել է:
Ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Ալիկ Սարգսյանը, պարզաբանելով իր այդ հայտարարությունը, մասնավորապես ասել է, թե իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարգսյանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ նրան զեկուցել են, թե նման բան չկա:
«Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են: Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան», — ասել է Ալիկ Սարգսյանը եւ հավելել. «Ինձ թող ներեն այն մարդիկ, որոնց ես իմ հայտարարությամբ ապատեղեկատվություն եմ տվել: Իսկ ինձ խաբողները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Ես ոչ ոքի չեմ ներելու»:
Միաժամանակ, ոստիկանապետը կրկին պնդել է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը: «Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել», — ասել է Ալիկ Սարգսյանը:




























