Հարցված ադրբեջանցիների 0.8 տոկոսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին։ «Թող ապրեն այնպես, ինչպես ուզում են»,- նշել են նրանք։ Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, սոցհարցումն անցկացվել է PULS կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիների շրջանում։

Համաձայն սոցհարցման արդյունքների՝ հարցվածների 70.4 տոկոսը ԼՂՀ ինքնորոշման հարցում ոչ մի փոխզիջում չի ընդունում։ 8.9 տոկոսը որպես փոխզիջում ՝ Լեռնային Ղարաբաղը տեսնում են իբրեւ մշակութային ինքնավարություն՝ տեղական ինքնակառավարման հնարավորությամբ։ Հարցվածների միայն 9.5 տոկոսն է ընտրել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ հանրաքվեի անցկացման ճանապարհով կարգավիճակի հաստատման տարբերակը։

Հարցվածների 42.5 տոկոսը նշել են, որ «ոչ այն է պատերազմ, ոչ այն է խաղաղություն» իրավիճակը կշարունակվի, իսկ 40.7 տոկոսը հավատում է խաղաղ կարգավորմանը։ Ռազմական գործողությունների վերսկսմանը «հավատում է» հարցավածների 15.7 տոկոսը, այսինքն՝ խաղաղ կարգավորման կողմնորոշումը գրեթե երեք անգամ գերազանցում է պատերազմի սպասումներին։

Նշենք, որ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված սոցհարցումը ցույց էր տվել, որ ղարաբաղցիների 84.4 տոկոսը ԼՂ հարցում պատրաստ չեն գնալ ոչ մի փոխզիջման։ Ադրբեջանցիների վերադարձին դեմ էր արտահայտվել հարցվածների 93 տոկոսը։