Այսօր` մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, Բան Կի Մունի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Բայց աշխարհում կան պետություններ և այնպիսիք, որոնք ուժ են բանեցնում՝ այդ իրավունքը բազմաթիվ ճանապարհներով խոչընդոտելու համար: Նրանք սահմանում են բարձր հարկեր` օրաթերթերը դարձնելով այնքան թանկ, որ մարդիկ գնելու հնարավորություն չեն ունենում: Անկախ հեռուստա- եւ ռադիոընկերությունները զրկվում են եթերից, եթե քննադատում են Կառավարության քաղաքականությունը: Գրաքննիչներն ակտիվ են նաեւ ինտերնետում` սահմանափակելով ինտերնետի և նոր լրատվության օգտագործումը:
Որոշ լրագրողներ ենթարկվում են ճնշումների, ազատազրկման և անգամ վտանգում են իրենց կյանքը` պարզապես տեղեկություններ և գաղափարներ որոնելու, ստանալու և ցանկացած լրատվամիջոցների միջոցով տարածելու իրենց իրավունքը կիրառելու պատճառով` անկախ պետական սահմաններից:
Անցյալ տարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտեց 77 լրագրողների սպանությունը: Նրանք զինվորական թղթակիցներ չէին, ովքեր մահացան կռվի ժամանակ: Նրանցից շատերը աշխատել են փոքր տեղական հրատարակչություններում խաղաղ ժամանակ: Նրանք մահացել են, երբ փորձել են անօրինական գործունեությունը կամ կոռուպցիան բացահայտել: Ես դատապարտում եմ այս սպանությունները և պնդում, որ պատասխանատուները պատժվեն: Բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել նրանց, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում: Այս պաշտպանությունը պետք է ներառի լրագրողների հանդեպ հանցանք գործած անձանց հետախուզում և դատապարտում:
Անպատժելիությունը հանցագործներին և մարդասպաններին կանաչ լույս է տալիս և հզորացնում նրանց, ովքեր թաքցնելու որևէ բան ունեն: Իսկ հեռահար ժամկետում` այն հասարակության վրա քայքայիչ և վնասարար ազդեցություն է ունենում:
ՄԱԿ-ը հետապնդման մեջ գտնվող լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների կողքին է ամենուր: Այսօր, ինչպես ամեն օր, ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և աշխարհի բոլոր մարդկանց՝ ճանաչել լրատվամիջոցների կարևոր աշխատանքը և ոտքի ելնել հանուն տեղեկատվության ազատության»:




























