Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2010թ. չորս ամիսների հավաքագրումները գերակատարել է ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218մլրդ 106մլն դրամ, այսինքն` պլանային ցուցանիշը գերակատարվել է 22մլրդ 071մլն դրամով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. չորս ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցում են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Մասնավորապես՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 37մլրդ 534մլն դրամով ավելի գումար։ Իսկ 2008թ. չորս ամիսների համեմատ` այս տարվա չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են շուրջ 11,2մլրդ դրամով։

Սոցիալական ապահովության վճարների մասով նույնպես արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008թ. եւ 2009թ. առաջին չորս ամիսների, այնպես էլ այս տարվա չորս ամիսների պլանային ցուցանիշի նկատմամբ։ Մասնավորապես, 2010թ. հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է շուրջ 35,8մլրդ դրամ, ինչը պլանային ցուցանիշը գերազանցել է մոտ 5մլրդ դրամով։ 2010թ. առաջին չորս ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները շուրջ 6մլրդ-ով գերազանցել են 2009թ., իսկ 6,2մլրդ-ով էլ` 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: