«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը Ղարաբաղն ազատագրողների միության հետ համատեղ խորհրդարանական ընտրություններից առաջ ԼՂՀ բնակչության շրջանում հարցում է անցկացրել։

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքով, բնակչության շրջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ակտիվությունն ավելի փոքր է, քան 2007 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Համաձայն հարցման արդյունքների՝ ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւում է հարցվածների 57 տոկոսը, 19.6 տոկոսը դրանցով ընդհանրապես չի հետաքրքրվում, իսկ 23 տոկոսը նշել է, որ դեռեւս չի հետեւում այդ գործընթացին։

Ինչպես նշեց Ահարոն Ադիբեկյանը, ընտրությունները իշխանությունների սոցիալ-տնտեսական գործունեության չափանիշներ են։ Այսպես, հարցվածների 92 տոկոսը դրական է գնահատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գործունեությունը։ Հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատել նաեւ վարչապետի գործունեությունը, 73.5 տոկոսը՝ խորհրդարանի նախագահինը եւ 54.3 տոկոսը՝ իշխանական կառույցներինը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ընդհանրապես, եւ ամեն ընտանիքի վիճակին՝ մասնավորապես, ապա հարցվածների կարծիքով այդ ցուցանիշները բարելավվել են։ Նրանցից 68.1 տոկոսը կարծում են, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը լավացել է, 48.6 տոկոսը նշել են շրջանների, 47.8 տոկոսը՝ հասարակության եւ 56.4 տոկոսը՝ ընտանիքների մակարդակներով բարելավման մասին։

Հարցմանը մասնակցել է 1408 մարդ՝ Ղարաբաղի ողջ տարածքից։