Բազմաթիվ հնավայրեր, որոնք, ըստ էության մեր պատմության անձնագիրն են, գտնվում են լքյալ վիճակում: «Լքյալ Հայրենիք» շարքը նպատակ ունի հանրության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրել հնավայրերի ներկայիս, երբեմն անմխիթար, վիճակի վրա:
Շարքի տարբերակիչ գիծը ֆոտոռեպորտաժներն են: NEWS.am-ի լուսանկարիչները ձգտելու են արձանագրել հնավայրերի ժամանակակից խնդիրները ողջ Հայաստանով մեկ: «Լքյալ Հայրենիք» շարքը յուրօրինակ կոչ է իշխանություններին, Հայ Առաքելական եկեղեցու վերնախավին, նաեւ շարքային քաղաքացիներին, հայերին՝ առավել ուշադիր վերաբերվել մեր պապերի ժառանգությանը:
Շարքի առաջին ռեպորտաժը նվիրված է Երերույքի բազիլիկին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի 5-րդ դարի հայկական տաճարին (ֆոտոռեպորտաժ): 8 կմ դեպի արեւմուտք, հայ-թուրքական սահմանից անդին գտնվում է Մեծ Հայքի 12 մայրաքաղաքներից մեկը՝ Անին:
Երերույքի բազիլիկը Հայաստանի ամենավաղ քրիստոնեական կառույցներից է: Այն առաջարկվել է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Հնարավոր է՝ Երերույքն այդ ցանկում ընդգրկելուց հետո տեղական խոզերը՝ արածելով, փոքր-ինչ հեռվից կհիանան համաշխարհային ժառանգության այդ գլուխգործոցով: Թեեւ ով գիտե, թե խոզերը դրանից ինչ են հասկանում:




























