Գերմանիայի կառավարությունը «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկին կտրամադրի 18 մլն եվրո վարկ և 1,5 մլն եվրո լրացուցիչ դրոմաշնորհային միջոցներ: Համապատասխան պայմանագրեր այսօր` մայիսի 3-ին ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոնալդ Զիլլեռը:

Վարկը ԿԲ-ին կներկայացվի սուբսիդավորվող տոկոսադրույքով, 12 տարի մարման ժամկետով, որոնցից 3 տարին` արտոնյալ: Դրամաշնորհային միջոցները կտրամադրվեն փոքր ՀԷԿ-երին և գործընկեր-բանկերին` տեխնիկական և ֆինանսական խորհրդատվական անվճար աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում կտրամադրվի 14 վարկ, որոնցից 8-ը նոր ՀԷԿ-երի կառուցման նպատակով, 6-ը` գործող էլեկտրակայանների վերականգնման և վերազինման համար:

Ա. Ջավադյանը նշել է, որ 2004 նոյեմբերին KfW բանկի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրվել է վարկային պայմանգիր 6 մլն եվրոյի և 1,5 մլն դրամաշնորային միջոցների համար: Այսօրվա դրությամբ այս միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Բանկերը ստացել են վարկային միջոցները 5,5% տոկոսադրույքով, իսկ փոքր ՀԷԿ-երի վարկավորումը կատարվել է 10,5% տոկոսադրույքով: Այս անգամ տոկոսադրույքը կկազմի 10,5-11%:

ԿԲ նախագահի ներկայացմամբ, այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը փոքր և միջին ՀԷԿ-երին աջակցելու համար ուղղել է 24,5 մլրդ դրամ: Իր հերթին KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլեռը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի տնտեսությունում այս տարի ներդրել է շատ մեծ միջոցներ: «Սա վկայում է այն մասին, որ Գերմանիան շարունակում է վստահել Հայաստանի կառավարությանը և նրա կողմից կիրառված հակաճգնաժամային միջոցներին»,-ասաց Զիլլեռը:

Ի դեպ, այս տարի KfW բանկը մտադիր է ՀՀ կառավարության հետ կնքել 120 մլն եվրո ընդհանուր գումարի պայմանագիր: Արդեն կնքվել են 20 մլն եվրո արժողությամբ հիփոթեքային շուկայի զարգացմանը եւ 18 մլն եվրո արժողությամբ փոքր ու միջին ՀԷԿ-երին տրամադրելու մասին պայմանագրերը: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Գյումրի և Վանաձոր քաղաքների ջրամատակարարման նպատակով վաղը` մայիսի 4-ին կստորագրվի 30 մլն եվրո վարկային պայմանագիր: Բացի այդ, Որոտանի կասկադի վերականգնման համար KfW բանկը կտրամադրի 51 մլն եվրո: