Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն Իրաքում արդեն կայացած փաստ է, քանի որ այնտեղ պատերազմում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իսկ ամերիկացիները դրան չեն խոչընդոտում եւ չեն պատրաստվում այդ անել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսական իրանագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը:

Նա ընդգծեց, որ այդ համագործակցությունը սկզբում կայացավ իրաքցի շիաների միջոցով: «Երբ կոալիցիոն զինված ուժերը ներխուժեցին Իրաք եւ ձերբակալեցին Սադամ Հուսեյնին, ապա նրան մահապատժի ենթարկեցին հենց շիաները, այլ ոչ թե ամերիկացիները: Այսինքն՝ իրաքյան շիաներն այնպես թե այնպես մոտ են Իրանին եւ նրա աջակցությունն են վայելում՝ թեկուզ բարոյապես, եթե չխոսենք նյութական աջակցության մասին»,- պարզաբանեց Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով, պարզ է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ որոշակի համագործակցություն է սկսվել: Անկասկած, այդ համագործակցությունը չի կարող հարթ լինել: «Այդ ռազմավարական համագործակցություն չէ, այլ, թերեւս, տեխնիկական, բայց այն կա»,- հայտարարեց իրանագետը:

Կարինե Գեւորգյանն ընդգծեց, որ Իրաքը չկայացած պետություն է: «Ինչ վերաբերվում է քրդերով բնակեցված Իրաքի հյուսիսին. նրանք լավ են պատերազմում եւ պաշտպանելու են Իրաքյան Քուրդիստանը եւ արդեն գրավել են Քիրքուքը: Նրանք կարողացան գրավել եւ միավորել շրջաններ, որոնք ֆորմալ առումով Իրաքյան Քուրդիստանի մաս չեն կազմում»,- նշեց իրանագետը՝ ընդգծելով, որ եթե արդեն Քիրքուքի եւ Հյուսիսային Քուրդիստանի՝ նավթով հարուստ շրջանները վերահսկողության տակ են վերցվել, համապատասխանաբար, նավթը լինելու է քրդերի ձեռքում եւ Թուրքիայի տարածքով կանոնավոր կերպով արտահանվելու է, ապա այդ տարածքը բնակչությունից զրկելու՝ ԱՄՆ-ի խնդիրը շարունակում է արդիական մնալ:

«Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի գործողությունները, եթե դրանք դիտարկենք ոչ միայն սխալների եւ բացթողումների տեսանկյունից, այլ որպես որոշակի նպատակի, ապա այդ տարածաշրջանից բնակիչներին հեռացնելն է, այսինքն՝ ժողովրդագրական ցուցանիշները նվազեցնելը»,- ամփոփեց Կարինե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ իրանական կողմը միջազգային միջնորդների հետ համաձայնության է հասել ուրանի հարստացումը շարունակելու հարցում, միաժամանակ, Իրանի դեմ պատժամիջոցները հանվելու են ցանկացած համաձայնության դեպքում:

Ինչ վերաբերվում է Իրաքում իրադրությանը, հարկ է նկատել, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները ներկայում գրավել են երկրի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան քաղաքները: Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել են Իրաքում հակաահաբեկչական պայքարի նպատակով զինված ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին:

Միաժամանակ հավելենք, որ պաշտոնական Թեհրանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ իր էլիտար զորամիավորումներն ուղարկել է Իրաք՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ պայքարելու համար: