Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ԱՄՆ արեւմտյան հատվածում հայտարարել է Քալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար ճարտարապետ ընտրելու գործընթաց սկսելու մասին, գրում է «Asbarez»-ը:
Հանձնաժողովը կուսումնասիրի հայտերը, որից հետո կհրավիրի մինչեւ հինգ ճարտարապետների՝ ներկայացնելու դիզայներական հայեցակարգերով առաջարկները: Նախատեսվում է ճարտարապետին ընտրել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը:
Նախնական նախագծով նախատեսվում է մոտ 2,7 հազար քմ մակերոսով տարածք՝ առնվազն երկու ցուցասրահներով, թատրոնով, լսարանով, գիտական գրադարանով, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիով եւ լանդշաֆտային ճարտարապետությամբ:
Թանգարանի շենքից դուրս հուշարձան կառուցելու վայր կնախատեսվի:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գլենդելի խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել տեղի ոչ առեւտրային կազմակերպության հետ հայկական թանգարանի եւ մշակութային կենտրոնի կառուցման համար հողատարածք վարձակալելու բանակցություններ սկսելու համաձայնագրին:



























