Ամերիկյան Օրեգոն նահանգի Կայզեր քաղաքի մասնավոր տներից մեկում ձերբակալել են մերկ տղամարդու, որը, պարզվել է, ապօրինաբար սողոսկել է տուն, խմել այնտեղ դրված ալկոհոլային խմիչքը եւ լոգանք ընդունել ջակուզիում:

Ոստիկանները ժամանել են տանտերերի բացակայության ժամանակ տանը հետեւող կնոջից զանգ ստանալուց հետո եւ ներում հայտնաբերել մերկ տղամարդուն: Նրա հագուստը գտնվել է նույն փողոցի մեկ այլ տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NBC News-ը:

Նախնական տվյալով`  24-ամյա գողը` Գիլյերմո Բրամբիլան, ապօրինաբար սողոսկել է  երկու բնակելի տուն, որոնցից մեկում թողել է իր հագուստը, երկրորդում խմել է  տանտերերի ալկոհոլը, օգտվել նրանց ջակուզիից, հետո ցնցուղ ընդունել:

Չարագործին կողոպուտի նպատակով ապօրինաբար մասնավոր կացարան ներխուժելու մեղադրանք են ներկայացրել: Նրա համար նշանակվել է  82,5 հազար դոլարի գրավ: