Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսի խորհրդական է նշանակվել էստոնուհի Յանիկա Մերիլոն: Նա կզբաղվի ներդրումների ներգրավմամբ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, Ուկրաինայի Գերագույն ռադան ավելի վաղ հաստատել էր կառավարության նոր կազմը, եւ ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարների պաշտոններում նշանակվել էին օտարերկրացիներ, որոնք Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել: Ուկրաինայի ֆինանսների նախարար է դարձել ուկրաինական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի Նատալյա Յարեսկոն, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար՝ լիտվացի Այվարաս Աբրոմավիչուսը:
Խորհրդականի պաշտոնում Մերիլոն պատասխանատու է լինելու ներդրումներ ներգրավելու, ներդրումային եւ բիզնես կլիման բարելավելու, միջազգային ծրագրերի կոորդինացման եւ էլեկտրոնային կառավարության մշակման լուծումները զարգացնելու համար:
Յանիկա Մերիլոն UVCA միջազգային ներդրողների կազմակերպության գործադիր տնօրենն է, Ուկրաինայի էլեկտրոնային կառավարության փորձագետ, UАngel-ի տնօրենների խորհրդի անդամ եւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարի խորհրդական:




























