Ջոհար Ցարնաեւը, ով մեղադրվում է 2013թ. բոսթոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ կազմակերպելու մեջ, ներկայացել է շրջանային դատարան: Հունվարի 5-ին սկսվել են նրա գործով լսումները:
RBC-ն, վկայակոչելով ABC-ն, հայտնում է, որ լսումներից առաջ դատավորը պետք է ընտրի 12 ատենակալներից եւ նրանց վեց տեղակալներից կազմված կոլեգիան: Ներկայացված մեղադրանքով Ցարնաեւին մահապատիժ է սպառնում: Նա իր մեղքը չի ընդունում:
Ջոհար Ցարնաեւի ծնողները կարծում են, որ իրենց որդուն մահապատիժ է սպասվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամերիկացիները ցանկանում են հաշվեհարդար տեսնել իմ կրտսեր որդու հետ այնպես, ինչպես որ ավագի: Ես ու կինս արդեն գիտենք, թե ինչ տեղի կունենա: Ամեն ինչ Ալլահի ձեռքերում է», — ABC հեռուստաալիքի լրագրողներին ասել է Դաղստանում գտնվող Անզոր Ցարնաեւը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 15-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել էր երեք մարդ եւ վիրավորվել 264-ը:
Թամերլան Ցարնաեւը` Ջոհարի ավագ եղբայրը, սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Ջոհար Ցարնաեւին մեղադրվում է չորս մարդու սպանության մեջ. Երեքը զոհվել էին բոսթոնյան մարաթոնի ժամանակ, մեկ ոստիկանի էլ սպանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական քաղաքում:




























