Լիբիայի ռազմաօդային ուժերի օդանավը հունվարի 4-ին գրոհել է հունական ընկերությանը պատկանող նավթի տանկերի վրա, որը հրաժարվել է ենթարկվել կանգ առնելու հրամանին: Այս մասին հաղորդել է Լիբիայի ազգային բանակի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին:
«Մեր տվյալներով, տանկերով կենդանի ուժ էր տեղափոխվում Դերնայի իսլամիստներին»,-ասել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները վկայակոչելով հունական առափնյա ծառայությունը հայտնել էին, որ գրոհի ենթարկված նավը գրանցված է հայկական ընկերությունում եւ ընթանում էր Լիբերիայի դրոշի ներքո: Այդ նավի վրա եղել է մոտ 1,6 հազար տոննա նավթամթերք եւ անձնակազմի 26 անդամ: Նրանցից երկուսը զոհվել են գրոհի ժամանակ, եւս երկուսը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դերնա քաղաքի նավահանգստի ջրերում, որը համարվում է իսլամիստների հենակետը: Դեռեւս անոխրդ տարվա սեպտեմբերին քաղաքը գրաված իսլամիստների խումբն իր հավատարմությունն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Հունական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նավթի արտահոսք չի եղել: Նրանց խոսքով՝ նավը Լիբիայի ազգային նավթային ընկերության պատվերն է կատարելիս եղել՝ դիզելային վառելիք տեղափոխելով Մարսա էլ-Բրեգ քաղաքից դեպի Դերնա:




























