Նինոծմինդայի շրջանում Վրաստանի ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկել են մոտ 200 անձանց, որոնք ձյան պատճառով արգելափակված էին մնացել Հայաստան տանող ճանապարհին: Այդ մասին լրագրողներին հայտնել են իրավապահները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, վրացական ոստիկանության աշխատակիցները եւ փրկարարները շարունակում են ճանապարհից անվտանգ վայր տեղափոխել  եւս մի քանի մեքենաների եւ նրանցում գտնվող ուղեւորների:

Նինոծմինդայի շրջանում ուժեղ ձյան, քամու եւ մառախուղի պատճառով դադարեցվել է երթեւեկությունը Հայաստան տանող ճանապարհի հատվածներից մեկում: Ձյան շերտի հաստությունը ճանապարհի որոշ հատվածներում կազմում է 80 սանտիմետր:

Վրաստանից Հայաստան երթեւեկությունն իրականացվում է այլ ճանապարհներով, որտեղ երթեւեկությունը չի դադարեցվել: