Ռուսաստանցի բանկիրները եւ պատգամավորները ԿԲ-ին խնդրում են աստիճանաբար իջեցնել առանցքային դրույքը, որը ներկայումս կազմում է տարեկան 17%:
Բանկային ընկերակցությունը խնդրում է, որպեսզի հունվարին դրույքն իջեցվի մինչեւ 15%, իսկ այնուհետեւ աստիճանաբար մինչեւ նախաճգնաժամային մակարդակ՝ 10,5%, գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի միության նախագահ Անատոլի Ակսակովին:
Ըստ բանկիրների՝ Ռուսաստանի բանկերը լիկվիդայնության սուր պակաս են զգում: Առանցքային դրույքի աճի հետեւանքով բարձրացած տոկոսադրույքն արդեն դարձել է ընկերությունների վճարունակության կորստի պատճառ: Իրերի ներկայիս ընթացքի պահպանումը կդառնա սնանկացումների ալիքի պատճառ ոչ միայն վարկային կազմակերպությունների, այլեւ մի շարք ձեռնակությունների եւ ընկերությունների համար, կարծում են նրանք: Ըստ թերթի՝ ԿԲ-ում չեն բացառում վերաֆինանսավորման դրույքն իջեցնելու հավանականությունը:
ՌԴ ԿԲ-ն ռուբլու փոխարժեքի անկմանը զուգահեռ դեկտեմբերի 16-ին առանցքային դրույքը 10,5% -ից բարձրացրել է մինչեւ 17%:



























