Ներկայումս Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բիզնեսի բնագավառում հարաբերություններն ակնհայտ բարելավվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով վրացական «PetrocasEnergyGroup» եւ ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության միջեւ խոշոր գործարքին:
Անգամ Սահակաշվիլիի կառավարման տարիներին, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բիզնեսի բնագավառում նորմալ էին:
«Այսինքն, Ռուսաստանը բավական լուրջ դիրքեր ունի Վրաստանում: Այժմ դրանք ընդլայնվում են: Եվ Ռուսաստանի ու Աբխազիայի, Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ նոր պայմանագրի ստորագրման առթիվ Արեւմուտքում եւ Վրաստանում վերջին հիստերիան ավելի շատ արտաքին լսարանի համար էր», - նշեց Սկակովը: Իրականում, ըստ նրա, ռուս-վրացական հարաբերություններում դրական շարժ կա:
Հիշեցնենք, վրացի միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլիին պատկանող «Petrocas», ընկերությունը «Ռոսնեֆտին» է վաճառել բաժնետոմսերի 49%-ը: Գործարքը հարուցել է ընդդիմության եւ արեւմտամետ փորձագետների դժգոհությունը, որոնք դրանում տեսել են «Վրաստան ավելի հզոր ռուսական պետական ձեռնարկության ներթափանցում»:



























