Եվրախորհրդարանի այս տարվա առաջին լիագումար նիստը հունվարի 12-ին բացվում է ֆրանսիական Ստրասբուրգում եւ կշարունակվի մինչեւ հունվարի 15-ը:

Նիստը կսկսվի երեկոյան՝ Charli Hebdo խմբագրության վրա կատարված հարձակման հետ կապված խոսքի ազատության վերաբերյալ զեկույցով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հունվարի 14-ին եվրապատգամավորները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ կքննարկեն ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները: Այդ ամենամյա  քննարկումներին կհետեւեն նաեւ հատուկ քննարկումներ՝ Ուկրաինայի եւ եւ Եգիպտոսի իրավիճակի վերաբերյալ:    Հունվարի 13-ին ԵԽ-ն կքննարկի Լիբիայում իրավիճակը, հունվարի 15-ին այդ երեք երկրների վերաբերյալ առանձին բանաձեւեր կընդունվեն: 

Հունվարի 13-ին տեղի կունենան նաեւ ԵԽ-ի առաջին քննարկումները Եվրոպայի խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որը կներկայացնի ԵՄ դեկտեմբերի գագաթաժողովի եզրակացությունները, որը հավանություն է տվել 315 մլրդ եվրոյի չափով ներդրումային ծրագրին   («Յունկերի ծրագիր»):

Հունվարի 15-ին Եվրախորհրդարանը քվեարկության կներկայացնի Թուրքիայում մամուլի ազատության մասին բանաձեւը՝ 2014 թ. վերջին լրագրողների կալանավորումների հետ կապված: 

Հունվարի 13-ին հատուկ քննարկումները նվիրված են լինելու նավերում  «կենդանի ապրանքների» մաքսանենգությանը, որոնք ուղարկվում են Թուրքիայից, եւ Միջերկրական ծովում զոհվող միգրանտների հետ կապված ողբերգություններին:

Հունվարի 15-ի նիստում քննարկվելու են աշխարհում ժողովրադավարության  վիճակի եւ մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր: Այս անգամ օրակարգում են Ռուսաստանը՝ Ալեքսեյ Նավալնու դատավճռի կապակցությամբ, Պակիստանը՝ Փեշավարում դպրոցում կատարված ահաբեկչության կապակցությամբ, եւ Ղրղըզստանը՝ «Նույնասեռականության քարոզչության մասին» օրենքի պատճառով: