Փարիզի վերջին իրադարձությունները քաղաքակիրթ աշխարհին ուղղված ԻՊ-ի մեսիջն էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումն արդեն Եվրոպայում է: Այդ մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այստեղ ծագում է գլխավոր հարցը. ինչո՞ւ հենց հիմա  եւ ի՞նչ էին նրանք դրանով ցանկանում ասել: «Կարծում եմ, որ սա ԻՊ-ի մեսիջն էր ամբողջ աշխարհին, որ խմբավորումը մտել է Եվրոպա եւ որ այն ունի իր նպատակները, խնդիրները եւ դրա համար կօգտագործի ահաբեկչության քաղաքականությունը», - ասաց Պողոսյանը: Պատգամավորի կարծիքով, վերջին իրադարձություններից պետք է երկու դաս քաղել. մարդիկ պետք է հարգանքով վերաբերվեն ցանկացած հավատքի, հարգեն մյուսների իրավունքները, սակայն միեւնույն ժամանակ կարողանան պաշտպանել սեփական իրավունքները՝ պայքարելով ահաբեկչության դեմ:

Պողոսյանը հավելեց, որ կարեւոր դաս է նաեւ այն գիտակցումը է, որ չպետք է աջակցել «Ալ-Քաիդային»՝ ելնելով սեփական քաղաքական նպատակներից. չպետք է քաղաքական իրավիճակը փոխելու գաղափարն օգտագործել այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար: «Վաղ թե ուշ այն բումերանգի ձեւով կվերադառնա: Մենք պետք է գիտացկենք, որ միջամտությունը այլ երկրների ներքին գործերին պարտադիր կերպով կարտավոլվի մեզ վրա», - ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական գրոհի արդյունքում Փարիզում զոհվել էր 12 մարդ: Հունվարի 10-ին Պորտ-դե-Վենսենում պատանդների գերեվարման ըժամանակ եւս 4 մարդ էր  զոհվել: