Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն իշխանություններին կոչ է անում դուրս գալ բանակցային գործընթացից:
Կուսակցույան տարածած հայտարարության մեջ ասվում է. «2015 թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի եւ Արցախի սահմաններում: Ճի՛շտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված Ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետեւանքով զոհվում են նաեւ մեր զինծառայողները: Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամեն օր ավելի մեծ սադրանքների դիմել՝ օգտագործելով անօդաչու սարքեր եւ տարբեր տրամաչափի զենքեր՝ այս կերպ խախտելով իր իսկ կողմից 1994 թ-ին խնդրած զինադադադարը: Չնայած առկա իրավիճակին՝ միջազգային հանրության կողմից իբրեւ միջնորդ մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի չի տիրապետում իրավիճակին՝ ոչ մի կերպ չկարողանալով ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա:
Ելնելով վերոնշյալից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ սադրանքների չդիմելու պահանջով: Անտրամաբանական է Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, երբ սահմանին Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր գործողությունները»:




























