Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը, նոր սադրանքներ եւ դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկելով Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, ինչի հետեւանքով մարդկային զոհեր կան։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, այս սադրանքներով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։ «Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ արհամարհանքի հերթական դրսեւորում է։
Հատկանշական է, որ Բաքվի սադրիչ գործողությունները առավել ակտիվացել են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների, մամուլի նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ միջազգային հեղինակավոր գործիչների հայտարարությունների եւ լրատվամիջոցների համապատասխան հրապարակումների ֆոնին։
Շուրջ տաս օր առաջ արտգործնախարարությունը ասել էր. վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- նշել է Բալայանը:



























