Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին:
ԱՊԱ-ի փոխանցմամբ, 2014թ. սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ սպասվող առաջադրանքներին նվիրված կառավարության նիստում ելույթ ունենալով՝ Ալիեւը հայտարարել է, որ անցնող տարում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ոչ մի շարժ չի եղել:
Թվարկելով առկա բոլոր «փաստարկները» եւ Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով՝ Ալիեւը անցել է միջնորդների հասցեին հանդիմանությունների: Ըստ նրա՝ համանախագահները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա: «Ինչո՞ւ այլ տարածաշրջաններում ընդունված բանաձեւերն անհապաղ կատարվում են, իսկ մեր դեպքում՝ ոչ: Սա անարդար է, երկակի ստանդարտներ են»,- հայտարարել է Ալիեւը:
«Երեւում է՝ աշխարհում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն հակամարտության կարգավորման հարցում: Երեւում է՝ աշխարհում կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ այդ հակամարտությունը «սառեցված», «կիսասառեցված» մնա եւ այն օգտագործեն որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց:
Պատկերը, որը մենք տեսնում ենք վերջին տարիներին տարբեր տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, էլ ավելի է խորացնում այդ դիրքորոշումը, այդ մոտեցումը: Նման եզրահանգումը բխում է գործընթացներից: Ուստի պետք է հստակություն մտցվի այն հարցում, թե մինչեւ երբ ենք բախվելու այդ երկակի ստանդարտներին»,- վրդովվել է Ալիեւը՝ հավելելով, որ ամռան ամիսներին ադրբեջանցիներին հաջողվել է 50-ից ավելի «զավթիչների» ոչնչացնել:
Գովելով սեփական բանակին եւ զենք ճոճելով՝ Ալիեւը ամեն դեպքում համաձայնել է, որ «լավ կլինի, եթե այդ հարցը լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով»:
«Մենք հայերին այնպիսի դաս ենք տվել, որ նրանք մինչեւ այժմ չեն կարողանում ուշքի գալ, շփոթության եւ հիստերիայի մեջ են: Այժմ փորձում են մեզ մեղադրել միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ: Սակայն հարց է ծագում՝ ի՞նչ է անում Աղդամում, Ֆիզուլիում հայ զինվորը: Ի՞նչ է անում այնտեղ հայոց բանակը: Ինչո՞ւ ոչ ոք, մեզանից բացի, բացահայտ չի խոսում այս մասին: Ինչո՞ւ այս հարցով զբաղվող միջնորդները անմասն են: Սրանք հռետորական հարցեր են: Մենք գիտենք՝ ինչու: Այնուամենայնիվ, մենք պետք է այս հարցերը հնչեցնենք ցանկացած միջոցառման, ցանկացած համաժողովի ժամանակ», - հայտարարել է Ալիեւը:




























