«Արթիկ» ՔԿՀ կալանավորին 4 հեռախոսի լիցքավորիչի մեջ կասկածելի զանգվածներով փաթեթ տարած փաստաբան Ռուբեն Մովսիսյանը նորից կալանքի տակ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը, նշեց, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստաբանին գրավով ազատելու մասին եւ հենց Վերաքննիչ դատարանից նրան վերցրել են կալանքի տակ: Փաստաբանը շեշտեց, որ դա կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով:

Բացի Թամարա Յայլոյանից՝ Ռուբեն Մովսիսյանը շահերը պաշտպանում են նաեւ Հայկ Հակոբյանը եւ Համիկ Գալստյանը: Թամարա Յայլոյանը նշեց, որ Հայկ Հակոբյանը եւ Համիկ Գալստյանը եղել են Վարդենիս ՔԿՀ-ում, հանդիպել եւ զրուցել են նրա հետ: Փաստաբանը մեկ անգամ եւս նշել է, որ ինքը չի իմացել, որ թմրանյութ է տանում:

Այլ մանրամասներ գործից փաստաբանը չասաց՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը հայտարարությամբ հանդես կգա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:

Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ` կասկածելի զանգվածների բաղադրությունը պարզելու համար: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելու համար: