Այս տարվանից Հայաստանի տնտեսությունը սկսելու է զարգանալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ միասնական հունով: Դրա հետ կապված՝ շատերի մոտ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի տնտեսական իրավիճակը եւ դրա հետ կապված՝ մեր ներմուծման եւ արտահանման, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների հետեւանքները:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերին նավթի համաշխարհային գները, ռուբլու նման, անկում ապրեցին: Միաժամանակ, Ռուսաստանում բարձրակարգ բենզինի եւ դիզվառելիքի գները նույն ամսում որոշակիորեն բարձրացան: Այդպիսով, արտահանվող ռուսական նավթի գների կտրուկ անկման ֆոնին ներքին սպառողի համար նավթամթերքը թանկացավ: Ընդ որում, ռուսական մասնագետների գնահատմամբ, բենզինը թանկանալու է նաեւ այս տարի:
Մեկ այլ խնդիր՝ բավական ծանր եւ անկանխատեսելի, կապված է Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների հետ: Տնտեսության ծանր իրավիճակը կարող է հանգեցնել այդ երկրում զբաղվածության կրճատման, ինչպես նաեւ իրական աշխատավարձի աճի տեմպերի դանդաղեցման (եւ նույնիսկ անկման):
Ազդեցություն կարող են ունենալ նաեւ այլ գործոններ՝ կապված միգանտների նկատմամբ Ռուսաստանի խստացված քաղաքականության, ինչպես նաեւ այդ երկրում երկնիշ գնաճի հետ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա արդյունքներով նույնպես գնաճը երկնիշ է եղել՝ 11.4%: Հետեւաբար, նշված երկու տարվա ընթացքում Ռուսաստանում կյանքը կարող է գրեթե 1.3 անգամ թանկանալ: Որոշ տվյալներով, մեր հյուսիսային հարեւանի մոտ արտագաղթի նոր ալիք է սկսվել: Հիմա արտագաղթում են հիմնականում որակյալ մասնագետները, որոնք արտերկրում բարձր աշխատավարձի հույս ունեն:
Վերջում նշենք, որ ըստ կանխատեսումների՝ առաջիկա երեք ամիսներին նավթի WTI տեսակի մեկ բարելն արժենալու է 41 դոլար, իսկ Brent տեսակինը՝ 42 դոլար: Նախկինում Ռուսաստանի դաշնային բյուջեի գրեթե կեսն ապահոում էին նավթն ու գազը, իսկ 2015 թվականի բյուջեի հիմքում ռուսական նավթի մեկ բարելը 96 դոլար գինն էր դրված:
Եթե նավթի հետ կապված բացասական սցենարն իրականություն դառնա, ապա Ռուսաստանում լուրջ խնդիրներ կառաջանան դաշնային բյուջեից ուժային կառույցների, դաշնային ծառայողների ապարատի, ինչպես նաեւ կենսաթոշակների եւ բյուջետային աշխատողների աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված:




























