Ֆրանսիայի ոստիկանությունը փնտրում է Մարսելում 16-ամյա Մարսել Ասատրյանի սպանության գործով երկրորդ կասկածյալին, ով այժմ փախուստի մեջ է գտնվում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբինը:

Դատախազի խոսքով՝ փախուստի մեջ գտնվող կասկածյալը 18 տարեկան է: «Կալանավորված կասկածյալը, ով ինքն է հանձնվել իրավապահ մարմիններին, 17 տարեկան է, նա արդեն հայտնի է ոստիկանությանը, եւ 2013թ. 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել կողոպուտի եւ բռնության համար: Աղջիկը, ում մեղքով տեղի է ունեցել միջադեպը, նույնպես բերման է ենթարկվել ոստիկանություն»:

Դատախազը նաեւ նշել է, որ Միշել Ասատրյանի միջադեպի ընթացքում հանցագործները դանակի 4 հարված են հասցրել երիտասարդին, որոնցից մեկը դիպել է մայր զարկերակին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 12-ին Մարսելում լիցեյի 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Ասատրյանին լիցեյի մուտքի մոտ դանակահարել են մի աղջկա եղբայրները, որի հետ պատանին վեճ է ունեցել՝ նրա ընկերուհիներից մեկի պատճառով: Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսելի 11-րդ շրջանում ձերբակալել է Ասատրյանի սպանության մեջ կասկածվող 17-ամյա մի պատանու:

Նշենք, որ Միշել Ասատրյանը Ֆրանսիայի քաղաքացի է, նրա ծնողները Հայաստանի քաղաքացիներ են: