Թուրքիայում վերջապես Դինքի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Հրանտ Դինքի սպանության գործով նոր հետաքննության շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալվել են ոստիկաններ՝ Օզքան Մումջուն եւ Մուհիթին Զենիթը։ Ոստիկանները մեղադրվում են հանցագործության մասին իմանալու եւ ոչինչ չձեռնարկելու մեջ։
Օզքան Մումջուն Դինքի սպանության ժամանակ հանդիսացել է Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներից, իսկ Մուհիթին Զենիթը շարքային ոստիկան։
Հիշյալ երկու ոստիկանները 2014-ի դեկտեմբերի 26-ին որպես կասկածյալ հարցաքննվել էին եւ կալանման պահանջով ներկայացվել դատարան։ Դատարանը հրաժարվել էր կալանման որոշում կայացնել, որից հետո դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը եւ հասել 2 ոստիկանների նկատմամբ կալանման որոշմանը։
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։




























