ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել 44-ամյա բարմեն Մայքլ Ռոբերտ Հոյթին, ով կասկածվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բեյների սպանությունը ծրագրելու մեջ: Հոյթն ինքը պնդում է, որ քաղաքական գործիչը սատանա է եւ պատասխանատվություն պետք է կրի Էբոլա տենդի համաճարակի համար:

5 տարի շարունակ Հոյթը աշխատել է Ուսեթ-Չեսթերի (Օհայո) Wetherington ակումբում, որը պատկանում է Բեյներին: Քաղաքական գործչին Հոյթը որոշել է սպանել  աշխատանքից ազատվելուց հետո: Կասկածյալը ձերբակալվել է հոկտեմբերի 29-ին այն բանից հետո, երբ զանգահարել է 911 ծառայություն՝ հայտարարելով, որ սատանայի ծառաները ցանկանում են գլխատել իրեն: Ժամանած ոստիկաններին Հոյթը հայտարարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է եւ պատրաստվում է դատաստան տեսնել Բեյների հետ, քանի որ վերջինս մեղավոր է եղել Էբոլա տենդի տարածման մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:

Հետախուզությունների դաշնային բյուրոոյի վարկածով՝ Հոյթը պատրաստվել է թունավորել Բեյներին: Հոյթի մոր տանը գտել են SKS ավտոմատ: Կինը հստակեցրել է, որ ատրճանակը վերցրել է  տղայի բնակարանից, քանի որ նրան անհանգստացրել է Հոյթի վիճակը:

Իր ձերբակալությունից առաջ Հոյթը էլեկտրոնային փոստով մի քանի նամակ է ուղարկել Բեյներին, որտեղ խնդրել է Բարաք Օբամայի եւ ոմն «բժիշկ Բոբ Բուրինգի» մասնակցությամբ հանդիպում կազմակերպել՝ Էբոլան քննարկելու համար:

2 տարի առաջ Մայքլ Հոյթի մոտ ախտորոշել են հոգեկան խանգարում: Նա ուղարկվել է բուժման, սակայն կես տարի անց սեփական կամքով դադարեցրել է բուժումը: Ներկայումս Հոյթը գտնվում է բանտում, որտեղ նրան ուղարկել են հոգեբուժական զննումից հետո: Նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում: