Առաջիկա շաբաթներին կարող է կայանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՊԱ-ի փոխանցմամբ, Ուորլիքն ասել է, որ ռազմական գործողությունը կարող է խափանել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը:
«Տարվա ընթացքում քանիցս ականատեսն ենք դարձել այն բանի, որ շփման գծում ցանկացած բռնություն ապակայունացում է ստեղծում, եւ դա կողմերի միջեւ վտանգավոր սրացման կարող է հանգեցնել: Կողմերի կարծիքը լսելու համար մենք պարբերաբար այցելում ենք տարածաշրջան», - նշել է Ուորլիքը՝ չհստակեցնելով համանախագահների՝ տարածաշրջան հերթական այցի օրը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն եւ կկարողանան քննարկել առաջընթացի ուղիները:
«Մենք նաեւ հույս ունենք, որ նախագահները կկատարեն 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովում ստանձնած պարտավորությունները եւ կշարունակեն երկխոսությունը: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը հնարավոր է միայն կողմերի՝ միմյանց հետ աշխատելու քաղաքական կամքի առկայության պարագայում», - ասել է Ջեյմս Ուորլիքը:




























