Ամերիկահայ Ռոստոմ Սարգսյանը հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը: Նա պայքարելու է խորհրդից հեռացող Թոմ Լաբոնջի տեղը զբաղեցնելու համար:
Ընտրապայքարին 14 թեկնածու է մասնակցում, որոնցից միակ հայը Սարգսյանն է: Նա հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրել է՝ քաղաքային խորհրդում Լոս Անջելեսի հայ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար: Սկզբնական ընտրությունները կայանալու են 2015 թվականի մարտի 3-ին:
Ռոստոմ Սարգսյանը ձեռներեցությամբ է զբաղվում: Վերջին 20 տարիներին նա համագործակցել է տարբեր անհատների ու կազմակերպությունների հետ՝ հայ համայնքին վերաբերող մի շարք հարցերի լուծման համար՝ երիտասարդական ծրագրերից մինչեւ Հայոց ցեղասպանության ճանաչում: Նա նաեւ աշխատել է Բարաք Օբամայի եւ Ջոն Քերրիի նախընտրական արշավի շրջանակում:



























