Հայ ազգային կոնգրեսը խորը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, ողջ գյումրեցիներին, եւ նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին։

«Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»,-ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: