Դիտարկման ժամանակ ոչ ոք չպետք է կրակ արձակի. սա օրենք է, որն ադրբեջանական կողմը խախտել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից հնչած կրակոցի հետեւանքով դիտարկման ընդհատման խնդրին:
Դավիթ Բաբայանի խոսքով, ԵԱՀԿ առաքելության դիտարկումը մեկնարկից 3-4 րոպե անց, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է: «Դա կարելի է նաեւ քաղաքական ժեստ համարել, որը մատնանշում է, որ Ադրբեջանի նման պահվածքն անընդունելի է»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ արցախյան կողմը, բնականաբար, պատասխան կրակ չի արձակել, քանի որ դեմ է նման պահվածքին:
Նման դեպքեր, ըստ Բաբայանի, նախկինում նույնպես եղել են: 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին նույնիսկ դիտարկման ընթացքում վիրավորման դեպքեր են եղել: «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը. այն ահաբեկչական պետություն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դիտարկումն անցկացվել է հունվարի 14-ին, Հորադիզ բնակավայրի ուղղությամբ: Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել առաջնագիծ: Սակայն ադրբեջանական կողմից հնչած կրակոցից հետո առաքելությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է դիտարկումը:




























