Տուն-ինտերնատում երկու անձի մահվան առթիվ ծառայողական քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում  Գյումրիի տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են  տուն ինտերնատի 2  բնակիչ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է  ծառայողական քննություն:

Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրի ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը նշել էր, որ մահացողները իրենց մոտ խնամվող, սենյակակից երկու կին են: «Փոքր պլիտաներ կան, որոնց վրա սուրճ կամ թեյ են եփում, դրանից է եղել, մեր աշխատակիցը ծխի հոտ է առել, ներս է մտել, տեսել է՝ ուգարից խեղդված են, կանչել է բուժքրոջը»,-ասաց տնօրենը: