ԱՄՆ առեւտրի եւ ֆինանսների նախարարությունները հինգշաբթի պաշտոնապես հայտարարել են Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման մասին: Այդ միջոցառումների ձեռնարկման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր 2014 թվականի դեկտեմբերի վերջին:

ԱՄՆ գանձապետարանի հայտարարության համաձայն, այդ քայլերը «հնարավորություն կընձեռեն թույլատրված նպատակներով ուղեւորություններ կատարել Կուբա», իսկ տուրօպերատորները կկարողանան համապատասխան ծառայություններ մատուցել:

Կուբա գնալը դյուրին կլինի նրանց համար, ովքեր կղզում բնակվող հարազատներ ունեն, ինչպես նաեւ լրագրողների, ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների, միջկառավարական մի շարք կազմակերպությունների եւ այլ կատեգորիաների անձանց համար:

Բացի այդ, ըստ ՏԱՍՍ գործակալության, ամերիկյան ֆինանսական կազմակերպություններն իրավունք են ստացել թղթակցային հաշիվներ բացել Կուբայում, ինչպես նաեւ աշխատել կղզուց դուրս տեղակայված կուբայական կազմակերպությունների հետ: Ընդլայնվել են նաեւ հեռահաղորդակցության եւ առեւտրի ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մտադրության մասինԼ Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահը չի կարող ինքնուրույն ամբողջությամբ վերացնել էմբարգոն: Դրա համար Կոնգրեսը պետք է մի քանի օրենքներ չեղյալ հայտարարի: