«Գազպրոմ»-ը Եվրոպայի գործընկերների հետ աշխատում է «Թուրքական հոսք»-ի գազի ընդունման համար ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, սակայն ինքը դա չի անելու: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

«Մեր եվրոպական գործընկերների հետ, մասնավորապես, աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի խողովակը լինի երկու կողմից էլ: Սակայն եվրոպական տարածքում մենք արդեն դրանով չենք զբաղվելու»,- Կուպրիյանովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Հարավային հոսքի» հարցում Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով վերագնահատել է իր էներգետիկ պաշարների մատակարարման ուղղությունը: Պուտինի խոսքով, ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրականացումը: