Եվրախորհրդարանը հունվարի 15-ին Ուկրաինայի հարցով բանաձեւ է ընդունել, որում նշվում է, թե ինչ նոր պատժամիջոցներ կարող են սպառնալ Ռուսաստանին՝ Եվրամիության պայմանները չկատարելու դեպքում:
Փաստաթղթի համաձայն, «Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի հետագա ցանկացած գործողության դեպքում» Եվրախորհուրդը պետք է սահմանափակող նոր միջոցներ ձեռնարկի եւ ընդլայնի դրանց շրջանակը՝ «ներառելով միջուկային ոլորտը եւ սահմանափակելով միջազգային ֆինանսական գործարքներ կատարելու՝ ռուսական ընկերությունների հնարավորությունները»: Բանաձեւում նաեւ նշվում է գործող պատժամիջոցների երկարաձգման հնարավորության մասին, եթե Ռուսաստանը չկատարի Մինսկի համաձայնագիրը:
Պատգամավորները որոշել են Եվրահանձնաժողովին պարտավորեցնել միջոցներ գտնել՝Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի շարունակման դեպքում Եվրամիության անդամների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար: Խորհրդարանականները նշել են, որ հարկավոր է հստակ պահանջներ մշակել, որոնց կատարումից կախված կլինի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կամ արդեն գոյություն ունեցողների չեղարկումը:
Մասնավորապես, խոսքը հրադադարի պահպանման, Ուկրաինայից ռուսական բոլոր զորքերի կամ Ռուսաստանի աջակցությամբ գործող ապօրինի զինված խմբավորումների ու վարձկանների դուրսբերման, բոլոր գերիների՝ ներառյալ ուկրաինական ՌՕՈՒ սպա Նադեժդա Սավչենկոյի փոխանակման եւ իր բոլոր տարածքների, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի լիարժեք վերահսկողության հաստատման մասին է:
Ռուսաստանի դեմ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ էին սահմանել ՌԴ-ի կողմից Ղրիմի միավորման եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտությունը սկսվելուց հետո:



























